Արցախի համար նախատեսված շտապօգնության ավտոմեքենաները տեղ չեն հասել

Նիկոլ Փաշինյանը որոշել է ծառայողական քննություն նշանակել ու պարզել պատասխանատու անձանց շրջանակն ու նրանց մեղավորության աստիճանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարությունում ծառայողական քննություն է նշանակվել։
Հրապարակված որոշման համաձայն`այս գերատեսչությունը չի կատարել ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 910-Ա որոշումը։
Ոստիկանները հերթական կոռուպցիոն հանցագործությունն են բացահայտել. տեսանյութ
Այս որոշմամբ, հիշեցնենք, նախատեսվում էր ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում գտնվող  12 «Մերսեդես Բենց Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենաներն  անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Արցախի Հանրապետությանը` բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:
Ընդ որում, դա պետք է կատարվեր 1–ամսյա ժամկետում` 2021թ–ի հուլիսին, ՀՀ առողջապահության նախարարին էլ նույն որոշումը պարտավորեցնում էր կազմակերպել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչը, փաստորեն, ևս չի արվել։
ՀՀ վարչապետի այսօր կայացրած որոշմամբ, հանձնարարվել է ծառայողական քննության արդյունքում պարզել կառավարության որոշման իրականացման համար պատասխանատու անձանց շրջանակն ու նրանց մեղավորության աստիճանը:
Շիրակի մարզի 2 դպրոցում ԱԱԾ–ն կոռուպցիոն հանցագործություններ է բացահայտել. մանրամասներ
Ծառայողական քննություն անցկացնելու նպատակով ստեղծվել  է աշխատանքային խումբ, որի կազմում ներառվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը,  վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ճնգրյանը, վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության գլխավոր իրավաբան Նորայր Նազարյանն ու վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ Մարիանա Շաքարյանը: