ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. «Ալաշկերտ»- «Ռեյնջերս» հանդիպման ավարտից հետո հայկական թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խոսելով իր ապագա անելիքների մասին նշեց, որ նույնիսկ մեկ օրից ավելի չի կարող պլանավորել ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հետ աշխատելիս։
Հետխաղյա մամլո ասուլիսի ընթացքում Ալեքսանդր Գրիգորյանը պատասխանելով լրագրողների հարցերին նշեց, որ ինքը հպարտ է իր ֆուտբոլիստներով, որոնք մնալով մեկ խաղացողով պակաս հզոր մրցակցի հետ խաղում՝ ոչ միայն պաշտպանվում էին, այլև գրոհում ու ստեղծում գոլային պահեր։
Բայց շատ սուր պատասխան հնչեց Գրիգորյանի կողմից այն հարցին թե ինչքան է ինքը պլանավորում մնալ ու աշխատել Հայաստանում․ «Նույնիսկ Խոսեպ Գվարդիոլան առավելագույնս մեկ շաբաթ կարող է պլանավորել Բագրատ Նավոյանի («Ալաշկերտ» ակումբի նախագահ) հետ աշխատելիս, իսկ ես կարող եմ ընդամենը մեկ օր պլանավորել նրա հետ աշխատելով»,- պատասխանեց Ալեքսանդր Գրիգորյանը։
Դժվար է այս պահին բացատրություն տալ, թե ինչո՞ւ է Ալեքսանդր Գրիգորյանը խոսում աշխատանքային դժվարությունների մասին ակումբի նախագահի հետ կապված։ Մյուս կողմից էլ Գրիգորյանը նշեց, որ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում և Հայաստանի առաջնությունում հաջող հանդես գալու համար թիմին նոր ֆուտբոլիստներ են հարկավոր, որոնց ձեռք բերելը հիմա դժվար է, ու ինքը տեղյակ չէ, թե սելեկցիան հիմա կատարվում է, թե ոչ։
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ-ում պարտվեց «Ռեյնջերսին», բայց իրավունք վաստակեց հանդես գալու Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։