Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ-ի պատասխան խաղում «Ալաշկերտն» այսօր ոչ-ոքի ավարտեց հանդիպումը շոտլանդական «Ռեյնջերսի» հետ, ու քանի որ Շոտլանդիայում կայացած առաջին հանդիպմանը պարտվել էր 0:1 հաշվով՝ դուրս մնաց հետագա պայքարից։
Հայաստանի չեմպիոնը, սակայն, կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։
Այսօրվա հանդիպման ժամանակ հայկական թիմը համարձակ էր գործում, բայց առջևի գծում հիմնականում հույսը կապում էր Ժոզե Էմբալոյի հետ, որը խաղից դուրս վիճակում էր հայտնվում համարյա միշտ։ Ամեն դեպքում մերոնք սպառնալիքներ ստեղծում էին, բայց հյուրերը դրան պատասխան ռեալ գոլային պահեր ունեցան։
Իսկ մինչև ընդմիջումը «Ալաշկերտը» մնաց 10 ֆուտբոլիստով այն բանից հետո, երբ Սանթոսը արագության տակ չհասցրեց արգելակել, հարվածեց մրցակցի դարպասապահի գլխին ու երկրորդ դեղին ու հետևաբար կարմիր քարտը ստացավ։
Երկրորդ խաղակեսում «Ռեյնջերսի» թվային առավելությունը չզգացվեց. «Ալաշկերտի» ֆուտբոլիստները ոչ միայն լավ պաշտպանվում էին, այլև հակագրոհում։ Սակայն դա արդյունք չտվեց։ Խաղն ավարտվեց 0:0 հաշվով։
Հանդիպման առավել հիշարժան պահերը կարող եք դիտել Sputnik Արմենիայի լուսանկարների շարքում։