ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա ընդգծում է, որ այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց, տարեցների, ազատ տեղաշարժը:
«Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե պետությունը ինչ պետք է անի ու հրատապ անի. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ: Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ»,-գրել է Թաթոյանը:
Նա նշել է, որ ՌԴ սահմանապահ ծառայողները, ՀՀ սահմանապահները նույնպես տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, և քաղաքացիկան մեքենաները դուրս են բերվել:
Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվել են. հրաժարվել են բացել:
Թաթոյանը տեղեկացրել է, որ վաղ առավոտյան այս միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկի համապատասխան միջազգային մարմիններին:
ՀՀ ԱԱԾ-ն արդեն հայտնել էր, որ ադրբեջանակն կողմը փակել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը և սահամանափակում է մարդկանց ազատ տեղաշարժը։
Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։
Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։