ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղի մոտ, ադրբեջանական զինծառայողները շարունակում են փակ պահել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
«Այդ հատվածում քաղաքացիական մեքենաներ չկան` տարհանել են բոլորը։ Հիմա ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։ Սպասում ենք` տեսնենք ինչ է լինելու»,-ասաց Արշակյանը։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։
Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։