ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի –Sputnik. Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և հավելել, որ այս փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ:
Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ:
«Ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է»,–գրել է նա:
Ինչպես արդեն հայտնել էինք, Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը ադրբեջանական զինված ծառայողների կողմից երեկ գիշերը 23:00-ի սահմաններում փակելուց հետո այս հատվածով նույնպես մարդկանց տեղաշարժը դադարեցված է:
ВС Азербайджана закрыли дорогу, ведущую из Гориса в Воротан в Сюникской области РА
© Photo : TATEV DURYAN / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։
Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։