Մրցակցի ճամբարում կատարվածն առավելություն չի մեզ համար. «Ալաշկերտի» մարզիչը` խաղի մասին

«Գլազգո Ռեյնջերս» - «Ալաշկերտ» նախորդ խաղում հայկական թիմը միայն մեկ շեղ հարված կատարեց մրցակցի դարպասին` ընդհանրապես չանհանգստացնելով ռեյնջերների դարպասապահին։ Ի՞նչ սպասել մեր թիմից պատասխան խաղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 19–ին կայացած «Գլազգո Ռեյնջերս» - «Ալաշկերտ» առաջին խաղում հայկական թիմն արել է` ինչ կարող էր։ Պատասխան խաղում «Ալաշկերտին» հարկավոր է անմնացորդ նվիրում հաղթանակի հասնելու համար։ Այսպես է կարծում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ Նա իր մտահոգությունները լրագրողներին է ներկայացրել նախախաղային ասուլիսի ժամանակ։
Արդեն հայտնի է, որ Երևան չեն ժամանել «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը և առնվազն վեց ֆուտբոլիստ, որոնցից երեքը «Ալաշկերտի» դեմ առաջին խաղում իրենց թիմի մեկնարկային կազմում էին։
Խոակին Կապառոսը վերջին շտկումներն է անում խաղադաշտում. հավաքական է հրավիրվել 27 ֆուտբոլիստ
Մեր թիմի գլխավոր մարզիչը մրցակցի ճամբարում տեղի ունեցածը առավելություն չի համարում հայկական թիմի համար։
««Ռեյնջերսը» ֆուտբոլիստների ընտրության այնպիսի հնարավորություն ունի, որ առաջացած խնդիրների պայմաններում էլ կարող է խաղադաշտ դուրս բերել շատ ուժեղ և մարտունակ թիմ։ Բայց այս իրավիճակում մենք համարյա գիտենք, թե ինչ կազմով է խաղալու մրցակիցը, և ինչպիսի մարտավարությամբ կխաղա», - նշեց Ալեքսանդր Գրիգորյանը։
Պետք է նկատել, որ ինչ կազմով էլ խաղա «Ռեյնջերսը», դա մեր թիմի համար փորձություն է լինելու։ Իսկ ի՞նչը կարող է օգնել «Ալաշկերտին» հաղթել այս խաղում։
«Մենք պատասխան խաղի համար պետք է առավելագույնս ճիշտ կազմով ու ճիշտ մարտավարությամբ խաղանք։ Իսկ նման հզոր մրցակցին հաղթելու համար, բացի նշածս գործոններից, մեր ֆուտբոլիստներից պահանջվելու է անմնացորդ նվիրվածություն։ Վաղը կհասկանանք, թե ինչպես ենք պատրաստ պատասխան խաղին»,- ասաց Գրիգորյանը։
«Գլազգո Ռեյնջերսը» Հայաստան է ժամանելու ոչ լիարժեք կազմով. պատճառը կորոնավիրուսն է
«Ալաշկերտը» հայկական առաջին ակումբն է, որը կարողացել է իր տեղն ապահովել Եվրոգավաթների խմբային փուլում։ Անկախ «Ռեյնջերսի» հետ դիմակայության արդյունքից, Հայաստանի չեմպիոնն արդեն իրավունք ունի խաղալու Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում։ Բայց, եթե մեր թիմի հաջողվի հաղթել ռեյնջերներին, ապա «Ալաշկերտը» կխաղա ակումբային ֆուտբոլում հեղինակությամբ երկրորդը համարվող Եվրոպայի լիգայի խմբային փուլում։
Նշենք, որ օգոստոսի 26-ին Երևանում կկայանա «Ալաշկերտ»- «Գլազգո Ռեյնջերս» Եվրոպայի լիգայի խաղարկության փլեյ օֆֆ փուլի պատասխան խաղը։