ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. «Ալաշկերտ» - «Գլազգո Ռեյնջերս» պատասխան խաղից առաջ «Գլազգո Ռեյնջերս» ակումբում կորոնավիրուսի բռնկում է տեղի ունեցել, և մի քանի ֆուտբոլիստների ու աշխատակիցների մոտ covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել։ Տեղեկությունը հայտնում է շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» պաշտոնական կայքը։
Ակումբը տեղեկացրել է, որ դրական թեստով բոլոր ֆուտբոլիստներն ու մարզիչները մեկուսացվել են։
Նշենք, որ վաղը` օգոստոսի 26-ին, «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի խաղարկության փլեյ օֆֆ փուլի պատասխան խաղում հյուրընկալելու է շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին», որին առաջին խաղում զիջել է նվազագույն՝ 0։1 հաշվով։
Թե ինչքանով կորոնավիրուսը կազդի «Ռեյնջերսի» խաղի վրա, կիմանանք վաղը։ Առայժմ դժվար է ասել, թե ինչ փոփոխություններ կարող են լինել Ջերարդի թիմի կազմում, քանի որ այլ տեղեկություններ չկան (օրինակ` կոնկրետ որ ֆուտբոլիստներն են վարակվել կորոնավիրուսով)։
Ռեյնջերների պաշտոնական հայտարարության մեջ միայն նշված է, որ ակումբը Շոտլանդիայի կառավարության և շոտլանդական ֆուտբոլի ղեկավարության հետ միշտ կապի մեջ է եղել և պահպանել է սահմանված հակահամաճարակային բոլոր կանոնները։
Հավելենք, որ Եվրոպայի լիգայի խաղարկության փլեյ օֆֆ–ի առաջին խաղում Շոտլանդիայում 1։0 հաշվով պարտությունից հետո «Ալաշկերտը» շատ լավ հնարավորություն ունի ռևանշի հասնելու դեպքում խաղալ Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլում։
Պարտության դեպքում հայկական թիմը իր տեղն արդեն ապահովել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում։