ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. «Նոր Ալիք-2021» մրցույթի հաղթող Սարո Գևորգյանը Instagram-ի էջում նոր լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել, որոնցում նրա ընկերներն ու հայտնի երգիչները շնորհավորում են նրա հաղթանակը։ Շնորհավորողների թվում են նաև ռուսական շոուբիզնեսի հայտնի աստղերը:
Կարճ տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Սարոյին գրկում Դիմա Բիլանը՝ խոստովանելով, որ իրեն շատ է դուր եկել երիտասարդ երգչի կատարումը։ Այնուհետև Սարոյին մոտենում է Ֆիլիպ Կիրկորովն ու ջերմագին շնորհավորում։
«Ցավդ տանեմ»,–ասում է Կիրկորովն ու գրկում Սարոյին։
Նշենք, որ ռուսական էստրադայի փոփ-արքան տպավորված էր հայ երգչի ելույթից դեռևս մրցութային առաջին օրը։
Սարոյին շնորհավորել են նաև հայկական շոուբիզնեսի աստղերը, մասնավորապես Արամ MP3-ն և Սրբուհի Սարգսյանը։
«Այո, չէի էլ կասկածում, որ հաղթելու ես։ Անսահման հպարտ եմ ու երջանիկ, որ վերջապես հասար նպատակիդ»,–գրել է երգչուհին։
Նշենք, որ Սոչիում ավարտվեց «Նոր Ալիք-2021» մրցույթը, որի հաղթողը` 267 միավորով, դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը: Այս տարի մրցույթին մասնակցել է 12 մասնակից աշխարհի 10 երկրից: