ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 24-ին օրվա ընթացքում և մինչև ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ տեղակայված դիրքերից, ադրբեջանական կողմը ակտիվորեն և տևական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի և դրանց մոտակայքում տեղակայված հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի դիմաց տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներից տարբեր զինատեսակների բեկորները հասել են գյուղի բնակելի հատված, իսկ օգոստոսի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Շուշիի հատվածից արձակված կրակոցներից տուժել է համայնքի բնակիչներից մեկի տունը»,–գրել է Ստեփանյանը։
Նա նշել է` Ադրբեջանի վարքագիծը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը պետք է հեռացվեն բնակավայրերից այնպիսի հեռավորության վրա, որտեղից հնարավոր չի լինի ուղիղ դիտարկմամբ նշանառության տակ պահել քաղաքացիական բնակավայրերը, քանի որ դրանք անմիջական և իրական սպառնալիք են հանդիսանում Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության համար։
Գեղամ Ստեփանյանը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական գործողությունների պատճառով խաթարվում է սահմանամերձ դարձած բնակավայրերում խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը։
Նա ևս մեկ անգամ ընդգծել է միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրման կարևորությունը, ինչը հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել միջադեպերի հեղինակներին և կանխել դրանց հետագա կրկնությունը։
Հիշեցնենք` Sputnik Արմենիայի՝ Ստեփանակերտի աղբյուրի փոխանցմամբ՝ օգոստոսի 21–ի ժամը 22։00–ից մինչև հաջորդ առավոտ ադրբեջանական զինվորականները գնդակոծել են Արցախի պաշտպանության բանակի դիրքերը։ Կրակահերթերը նկարահանվել են։
Ըստ տեղեկությունների՝ կրակոցներն արձակվել են այն ժամանակ, երբ Շուշի հատուկ այց էր կազմակերպվել ադրբեջանական մի քանի Telegram ալիքների ներկայացուցիչների համար։
Գեղամ Ստեփանյնաը պարբերաբար ահազանգում է, որ ադրբեջանական հենակետերը պետք է հեռացվեն հայկական բնակավայրերից։