ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Զովունիում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ։ Հայտնել էինք, որ այսօր 14-ամյա տղան ինքնասպանություն էր գործել՝ կախվելու միջոցով։
Պարզվել է, որ 14-ամյա դեռահասն ինքնասպանություն է գործել տան տանիքում՝ ձգումներ կատարելու համար նախատեսված մետաղյա ձողից սպորտային համազգեստի գոտիով կախվելու միջոցով։
Նրա դին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տանիքում՝ գետնին պառկած վիճակում:
«Դիակի արտաքին զննությամբ, պարանոցի հատվածում հայտնաբերվել է ճմլման ակոս, իսկ գրպանից՝ ձեռագիր գրված նամակ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: