ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 5000 քմ խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար ծառայող, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 20 աշխատակից և Գառնի գյուղի մոտ 60 բնակիչ։
Հիշեցնենք՝ այս տարի սա Խոսրովի անտառում հրդեհի բռնման առաջին դեպքը չէ։ Հունիսի 30-ին հրդեհ էր բռնկվել Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 30 աշխատակից։ Շուրջ 2 օր շարունակվող հրդեհի հետևանքով այրվել էր 4000 քմ խոտածածկույթ և մոտ 70 դեկորատիվ ծառ ու թուփ:
Օգոստոսի 14-ին էլ հրդեհ էր բռնկվել Խոսրովի անտառի մոտակայքում՝ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել էին շուրջ 2 օր, մասնակցել էին 60 հրշեջ-փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 26 աշխատակից։