ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում այն միջադեպը, որն այսօր տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: Թեմայի առնչությամբ ՄԻՊ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել։
Պաշտպանը խիստ դատապարտելի է անվանել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ «մեծաթիվ զինվորականների ներգրավմամբ գործադրված բռնությունը»:
«Գոյություն ունեն միջազգային պահանջներ, որոնք երաշխավորում են քաղաքական խոսքի ազատությունը և ամրագրում են, թե որոնք են այդ ազատության սահմանները: Ուստի, դրանց հիման վրա պետք է ընդունել կոնկրետացված կանոններ, որպեսզի խորհրդարանի քննարկումները ձևավորեն ճիշտ հանրային դիսկուրս և չհանգեցնեն մարդու իրավունքների համակարգը խաթարող նման արատավոր երևույթների»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանը նաև խիստ մտահոգիչ է անվանել այն, որ Ազգային ժողովի անվտանգության ապահովման նպատակով վերջին ժամանակներս լայնորեն ներգրավվում են զինվորական համազգեստով ծառայողներ։ Նրա բնութագրմամբ՝ այդկերպ ստեղծվում է «խորհրդարանի ռազմականացված մարմին լինելու հանրային տպավորություն»:
Շեշտում է՝ մինչդեռ ԱԺ-ն՝ որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, երկրում ժողովրդավարության գլխավոր երաշխավորն է, պետք է երաշխավորի հասարակությունում համերաշխության վերականգնումը և ծառայի մարդու առօրյա հոգսերին ու իրավունքներին:
Հիշեցնենք` այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջեց, որպեսզի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը լքի նիստերի դահլիճը։ Իսկ երբ վերջինը հրաժարվեց անել դա, անվտանգության աշխատակիցներին հրահանգեց պատգամավորին դուրս ուղեկցել։
Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորները մոտեցան Աննա Մկրտչյանին` փորձելով թույլ չտալ անվտանգության աշխատակիցներին դուրս հանել նրան։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս փորձեց ներկայացնել նաև, իր խոսքով, «դահլիճում տիրող իրավիճակը»։ Մկրտչյանն ասել էր, թե «այս անձնավորությունը» (խմբ.– Նիկոլ Փաշինյանը) իր հետ դահլիճ է բերել «ախռաննիկների», որոնք երբևէ ԱԺ չեն մտել։
Դահլիճում սկսված իրարանցումից հետո Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։ Ընդմիջման ժամանակ պատգամավորների ու անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք սկսվեց, որի ժամանակ պատռվեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը։