ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները խստորեն դատապարտում են այսօր խորհրդարանում տեղի ունեցածն ու այն բնորոշում որպես «խայտառակ բռնություն պատգամավորների նկատմամբ»:
«Արձանագրում ենք, որ օգոստոսի 24-ը դառնալու է խորհրդարանական պատմության ամենաամոթալի էջերից մեկը, երբ իրենց իշխանություն հռչակած մի խումբ անձանց ապօրինի հրամաններով ՀՀ օրենսդիր մարմնում, Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ, տեղի ունեցավ հանցագործություն ժողովրդավարական և խորհրդարանական արժեքների նկատմամբ»,- նշված է հայտարարության մեջ։
Ընդդիմադիր խմբակցությունները շեշտում են՝ Հայաստանում բռնության քարոզն ու ատելության մթնոլորտն ունեն մեկ աղբյուր։ Ըստ նրանց՝ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Նրանց բնորոշմամբ՝ այսօր կատարվածը հանցագործություն է։ Վստահեցնում են՝ հետևողական են լինելու հանցագործություն կատարած անձանց ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում:
Հիշեցնենք` այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս փորձեց ներկայացնել նաև, իր խոսքով, «դահլիճում տիրող իրավիճակը»։ Մկրտչյանն ասաց` նա իր հետ դահլիճ է բերել «ախռաննիկների», որոնք երբևէ ԱԺ չեն մտել։
Դրանից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջեց, որպեսզի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը լքի նիստերի դահլիճը։ Իսկ երբ վերջինը հրաժարվեց անել դա, անվտանգության աշխատակիցներին հրահանգեց պատգամավորին դուրս ուղեկցել։
Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորները մոտեցան Աննա Մկրտչյանին` փորձելով թույլ չտալ անվտանգության աշխատակիցներին դուրս հանել նրան։
Դահլիճում սկսված իրարանցումից հետո Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։
Ընդմիջման ժամանակ պատգամավորների ու անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք սկսվեց, որի ժամանակ պատռվեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը։