Մենք այս ընթացքում կմնանք դահլիճում. ԱԺ ընդդիմության մի մասը որոշեց մասնակցել քննարկմանը

Խորհրդարանը քննարկում է կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը, որը հաստատվել էր կառավարության օգոստոսի 18-ի նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը որոշել է մասնակցել կառավարության 2021-26թթ–ի գործունեության ծրագրի քննարկմանը։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Կառավարությունը շտկել է իր ընդունած ծրագիրը. ի՞նչ փոփոխություն է արվել
«Մենք այս ընթացքում կմնանք դահլիճում, կօգտվենք հարցեր ուղղելու և ելույթներ ունենալու մեր իրավունքից` նպատակ ունենալով բացահայտել խմբակի կատարած ու պլանավորած հանցանքները մեր պետության ու ժողովրդի դեմ»,–ասաց Մինասյանը։
Կառավարության ներկայացրած ծրագիրը Մինասյանը որակեց որպես«կեղծ փաստաթուղթ»` հիշեցնելով, որ 2019թ–ին ԱԺ ամբիոնից նույն  մարդիկ ներկայացնում էին կառավարության մեկ այլ ծրագիր, որի ոչ մի դրույթ, նրա խոսքով, կյանքի չկոչվեց։
«Այլ կիրառվեց այլ` գաղտնի ու դավադիր ծրագիր` անվտանգության համակարգի, արտաքին քաղաքականության կործանման, դավադիր ու շարունակվող պատերազմի արդյունքներով` հազարավոր զոհերով ու կորցրած հայրենիքով»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Իսկ ահա «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը լքում է նիստերի դահլիճը` ի նշան բողոքի։
««Պատիվ ունեմ» դաշինքը դահլիճ կվերադառնա մեր ժողովրդին հուզող հարցերը բարձրաձայնելու և այդ հարցերի պատասխանները ստանալու, կառավարության ծրագրում ներկայացված կեղծիքները բացահայտելու և բարձրաձայնելու համար»,–ասաց Վանեցյանը։
Ինչպե՞ս կընդունի ընդդիմությունը կառավարության ծրագիրը. հետաքրքիր զարգացում է կանխատեսվում
Կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը հաստատվել էր կառավարության օգոստոսի 18-ի նիստում։