«Որոշ մասունքներ ծնողները երրորդ-չորրորդ անգամ են նույնականացման ուղարկում». Ավանեսյան

Առողջապահության նախարարը նշել է, որ 20-ից ավել են դեպքերը, երբ ծնողներն արտերկիր են ուղարկում մասունքները նույնականացամն համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Այս պահին պատերազմի զոհերի 50 մասունք նույնականացման համար գտնվում է Հոլանդիայում։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է
«Դեռևս ՀՀ տարբեր դիահերձարաններում պահվում են զոհված զինծառայողների աճյուններ կամ մասունքներ, սակայն չեմ կարող ասել, թե քանիսի մասին է խոսքը։ Ունեին մասունքներ, որոնք չէինք կարողանում նույնականացնել, և հիմա այդ փորձանմուշները գտնվում են Հոլանդիայում, որտեղ ավելի բարդ փորձաքննություններ են անցնում»,–ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` կան մասունքներ էլ, որոնք նույնականացված են, սակայն ծնողները ցանկություն են հայտնել կրկնակի կամ էլ երրորդ, չորրորդ անգամ այլ երկրներում փորձաքննության ենթարկել և հաստատել պատասխանները։ Ավանեսյանը նշեց` մինչ այս պահը Հայաստանում և արտերկրում արված փորձաքննությունների պատասխաններն իդենտիկ են եղել։ Նման դեպքերն էլ, ըստ նախարարի, 20-ից ավել են։
Զինծառայողների դիերի և մասունքների պահման պայմանները չեն համապատասխանել պահանջներին. ՔԿ
Ավանեսյանը հավելեց, որ աճյունների և մասունքների պահման պայմաններն ուշադրության կենտրոնում են: Այս ընթացքում Մարտունու դատաբժշկական կենտրոնն է վերազինվել և վերակառուցվել, նույնը նաև Մեծամորի դատաբժշկական կենտրոնին է վերաբերում։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի նորացված տվյալները` 3773 զոհ, 243 անհետ կորած։
Այդ պարկերը հատուկ նախատեսված են դիակների և մասունքների պահպանման համար. ԱՆ