Հրահանգել եմ` ոչ մեկին չքաշքշեն, առավել ևս` զուգարանում. Փաշինյանը` ԱԺ–ի ծեծկռտուքի մասին

ՀՀ վարչապետը ՀՅԴ–ական ընդդիմադիր պատգամավորին հիշեցրեց նրա կուսակցի մահվան դեպքը, որը տեղի է ունեցել 2001թ–ին «Առագաստ» սրճարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջալերեց ԱԺ դահլիճում այսօր Պետական պահպանության ծառայության իրականացրած գործողությունները։
ԱԺ–ում ծեծկռտուքի ժամանակ պատռվեց Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը․ տեսանյութ
«Ես հետևել եմ Պետական պահպանության ծառայության գործողություններին ԱԺ դահլիճում։ Եվ ուզում եմ քաջալերել նրանց` շարունակել պահպանել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը՝ ԱԺ նախագահի հրահանգներին համապատասխան։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել Պետական պահպանության ծառայությանը՝ օրենքով սահմանված պարտականությունները հստակ կատարելու համար»,– ասաց Փաշինյանը` պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե խորհրդարանի նիստում տեղի ունեցածը հանցագործություն է, որը սադրել են վարչապետն ու ԱԺ նախագահը` ուղիղ ցուցումով։
«Դա պետք է ընդունել, որպես հանցագործության մասին պաշտոնական հաղորդում»,– ասել էր Մինասյանը։
Ի պատասխան ՀՀ վարչապետը հայտարարեց, թե անվտանգության աշխատակիցներին համապատասխան հրահանգներ է տվել։
«Ես ուզում եմ տեղեկացնել, որ նրանց շատ խիստ հրահանգել եմ, որ ոչ մեկի, առավել ևս` զուգարաններում, հանկարծ անզգույշ չքաշքշեն,– ասաց նա, – եթե դուք խոսում եք հանցագործությունների մասին, եթե հիշողությունս չի դավաճանում` հիմա դատական գործընթաց է գնում ձեր կուսակից Պողոս Պողոսյանին անզգույշ քաշքշելու հետևանքով սպանելու գործով։ Եվ ինչքան հիշում եմ` դուք առնվազն տասնքանի տարի այդ հանցագործության մասին չեք էլ բարձրաձայնել, որ ձեր կուսակից ընկերոջը ծեծելով սպանել են «Պապլավոկի» զուգարանում»։
Հիշեցնենք` 2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում Պողոս Պողոսյանը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել, ապա սպանվել, ըստ ականատեսների, «Պրիվետ, Ռոբ» ասելու համար։
«Այո՛, մեղավոր եմ». Փաշինյանը պատասխանեց ընդդիմադիր պատգամավորի հարցին
Պաշտոնական վարկածով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ, ՀՀ ազգային անվտանգության նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով այն բանի համար, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ.Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը մեջքի վրա ընկել է, գլխով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:
Այսինքն՝ ըստ մեղադրանքի՝ Աղամալ Հարությունյանը դրսևորել է հանցավոր անփութություն, որով կատարել է անզգույշ սպանություն:
Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, Հարությունյանի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
«Նիկո՛լ, դավաճան». խորհրդարանի նիստում սկսված իրարանցումը վերածվեց ծեծկռտուքի. տեսանյութ
2019 թվականի սեպտեմբերին դատախազություն էր ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը` կից թարգմանված փաստաթղթերով։
Հենց այս դիմումից էլ հայտնի էին դարձել այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են, որ Պ. Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով:
«Նիկոլ Փաշինյան, էլ լրագրող չես». ԱԺ օթյակում բողոքի ակցիա էր