ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Պաշտպանության նախարարությունը եռամսյա հավաքի մասնակիցներին տեղեկացնում և հորդորում է ի թիվս այլ սահմանափակումների, հավաքներին ներկայանալիս իրենց հետ չկրել սմարթֆոն օպերացիոն համակարգով աշխատող, նաև այլ տիպի՝ նկարահանման, տեղորոշման և համացանցին միանալու հնարավորություններ ունեցող հեռախոսներ: Տեղեկությունը հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների մասնակիցները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի, հավաքների անցկացման ժամանակահատվածում հանդիսանում են զինծառայողներ, հետևաբար, հավաքների ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանում օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։
ՊՆ–ն հայտարարում է, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության: