ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքը զենիթահրթիռային համալիրների համար հեշտ թիրախ է։ «Ալմազ-Անտեյի» գլխավոր կոնստրուկտոր Պավել Սոզինովը նման կարծիք է հայտնել ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Կոնստրուկտորի խոսքով՝ «Բայրաքթարը» տիպային թիրախ է զենիթահրթիռային համալիրի համար, ու մեծ թիրախ է։ Փաստացի դա 650 կիլոգրամ քաշով ինքնաթիռ է, որը շատ խոցելի է, քանի որ բավականին դանդաղ է թռչում:
Սոզինովի կարծիքով՝ «Բայրաքթարի» դեմ պետք է պայքարել այն միջոցներով, որոնց «ձեռքի երկարությունը» գերազանցում է անօդաչու թռչող սարքի հեռահարությունը:
«Այսինքն՝ պետք է այն ժամանակին տեսնել, ինչը խնդիր չէ, ու խոցել մինչև այն պահը, երբ նա ի վիճակի կլինի կիրառել իր սպառազինությունը», - պարզաբանել է կոնստրուկտորը:
«Ալմազ-Անտեյ» կոնցեռնը ռուսական առաջատար ընկերություն է՝ օդային-տիեզերական հարձակման ցանկացած միջոցների դեմ պայքարելու համար համակարգեր ստեղծելու ուղղվածությամբ։ Կոնցեռնը ստեղծել է այնպիսի հայտնի զենիթային համակարգեր, ինչպիսիք են «Տորը», «Բուկը», Ս-400-ը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի աշնանը Արցախում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ն ակտիվորեն կիրառել է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը։