Կառավարության ծրագիրն ԱԺ-ում քննարկելիս խորհրդարանական ընդդիմությունը պետք է չափազանց արմատական վարքագիծ դրսևորի, այլապես ընդդիմության ընտրազանգվածի համար ցանկացած այլ պահվածք անհասկանալի կլինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Կառավարության 2021-2026 թթ. ծրագրին Քոչարյանը դեռևս չի ծանոթացել, բայց 2.5 տարի առաջվա փորձն աչքի առաջ է. այս անգամ էլ ոչինչ չի խանգարում, որ իշխանությունը նույն գործելաոճը շարունակի։
«2.5 տարի առաջվա ծրագրից գրեթե ոչինչ չի կատարվել, դա արդեն բավարար է, որ ես հասկանամ`ինչ ծրագիր է ներկայացվել և ինչպես է իրագործվելու այն»,- ասաց նա։
Քաղտեխնոլոգի կարծիքով` առաջիկա շաբաթվա ընթացքում քաղաքագետները, վերլուծաբաններն ու քաղաքացիներն ականատես կլինեն հետաքրքիր քննարկումների. ԱԺ-ում ընդդիմությունը կշարունակի խորհրդարանական ամբիոնն օգտագործել քարոզչության, իսկ իշխանությունը` նրանց կառուցողական դաշտ բերելու նպատակով։
Նշենք, որ վաղը կառավարությունն ԱԺ քննարկմանը կներկայացնի 2021-2026 թթ. կառավարության ծրագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 18-ին գործադիր մարմնի նիստում ներկայացրել է կառավարության գործունեության 2021–26թթ.-ի ծրագիրը, որում ներառված է նաև «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» հատվածը։
Փաշինյանի խոսքով` Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը «ժողովրդի առջև ՔՊ–ի ստանձնած մեծագույն առաքելությունն է, որի իրականացումը, սակայն, կախված է ոչ միայն ՀՀ–ից, այլև տարածաշրջանի այլ երկրների կեցվածքից ու ցանկությունից»։
Վարչապետն ասել է, որ ՀՀ կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու պարտավորությունն ու իր բաժին անելիքը։