ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. «Խաղաղության մարտիկ-2021» միջազգային բանակային խաղերի շրջանակում Դիլիջանում կայացել է վիճակահանություն, որի արդյունքում որոշվել է թիմերի ելույթների հաջորդականությունը:
Մրցույթի մամուլի կենտրոնից հայտնեցին, որ ըստ վիճակահանության՝ առաջին`«Ասպետը (Տիկին)» փուլում գրական-գեղարվեստական ու պարային պատրաստության առաջադրանքը կսկսի կատարել ՀՀ պաշտպանության նախարարության թիմը: Մեր թիմի ելույթին հաջորդելու են Բելառուսից ժամանած մասնակիցների ելույթները։ Ղազախստանի ու Ռուսաստանի թիմերն առաջադրանքները կկատարեն համապատասխանաբար երրորդն ու չորրորդը: Առաջին մրցումային օրվա ծրագիրը կավարտի Հունաստանի հավաքականը: Մրցույթի հետագա փուլերը թիմերի կողմից նույն հերթականությամբ կկատարվեն։
Երեկ ՀՀ ՊՆ Իջևանի զորավարժարանում կայացած վիճակահանության արդյունքում միջազգային բոլոր թիմերը ստացել են սպառազինություն և անհրաժեշտ հանդերձանք: Մասնակիցները ստուգել են սպառազինության կոմպլեկտայնությունը, կատարել են ԱԿ-74 ինքնաձիգներից կրակահերթ, ինչպես նաև կատարել են թիրախային սարքերի ստուգում:
Ընդհանուր առմամբ, «Խաղաղության մարտիկ» բարեկամական բանակների զինծառայողների ռազմա-մասնագիտական վարպետության մրցույթին մասնակցում են 6 երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հունաստանի ու Կատարի թիմերը. վերջինն առաջին անգամ է մասնակցում:
Մրցումների ծրագիրը նախատեսված է 8 օրվա համար, որի «Էրուդիտ» կոչվող փուլում կբացահայտվեն ռազմական պատմության ու միջազգային հումանիտար իրավունքի գիտելիքների մեջ լավագույն մասնակիցները: «Աթլետ», «Դիպուկահար» և «Պրոֆեսիոնալ» փուլերում կմրցեն տեղանքում կողմնորոշվելու, ուժի, արագության, տոկունության, ճշգրտության և հմտության մեջ, գրական-գեղարվեստական և պարային «Ասպետ» փուլում որոշվելու են ամենաստեղծագործներին:
Ժամանցային միջոցառումների ընթացքում միջազգային բոլոր պատվիրակությունների համար կկազմակերպվեն մշակութային ծրագրեր և այցելություններ Հայաստանի պատմական տեսարժան վայրեր:
Միջազգային բանակային խաղեր-2021-ն անցկացվում է օգոստոսի 22-ից սեպտեմբերի 4-ը 11 պետությունների (Ռուսաստան, Ալժիր, Հայաստան, Բելառուս, Վիետնամ, Իրան, Կատար, Ղազախստան, Չինաստան, Սերբիա, Ուզբեկստան) տարածքում: Ընդհանուր առմամբ, ԱրՄԻ-2021-ի 34 մրցույթներին մասնակցում են ավելի քան 5 հազար զինծառայողներ՝ 42 երկրներից 277 թիմերի կազմում: