ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարություններն ընդամենը առիթ էին Թուրքիայի հակաիրանական քարոզչության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ Արտյոմ Տոնոյանը` մեկնաբանելով Փաշազադեի որոշ հայտարարությունների առնչությամբ ծավալված սկանդալը։
Ավելի վաղ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ–ները քննադատության էին ենթարկել Փաշազադեին` Արցախյան պատերազմում տարած հաղթանակում Այաթոլլա Համենեի վճռական դերի մասին նրա հայտարարություններից հետո։ Հիշատակել էին նաև շեյխ ուլ իսլամի մասնակցությամբ նախկին սկանդալներն ու Եվրոպայում նրան վերագրվող անշարժ գույքը։ Քննադատությունն արդեն մի քանի շաբաթ է չի դադարում։
Տոնոյանի խոսքով` Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների և իշխանությանը մոտ կանգնած շրջանակների շարքում մտահոգություն է առաջացնում հենց 90-ականներին Համենեի դերի մասին հայտարարությունը (այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը իսլամական հող է)։
«Բնականաբար դա մեծ արձագանք ստացավ ինչպես ադրբեջանական հասարակության տարբեր շերտերում, այնպես էլ Թուրքիայում։ Անկարայում հակաիրանական քարոզչություն և, մասնավորապես, Փաշազադեի դեմ ուղղված քարոզ նախաձեռնվեց», – ասաց Տոնոյանը։
Քննադատները պնդում էին, որ Իրանը ոչ միայն չի օգնել Ադրբեջանին, այլև աջակցել է Հայաստանին ինչպես Արցախյան առաջին պատերազմի, այնպես էլ Ապրիլյանի և 44-օրյայի ժամանակ։
Ընդ որում, այս փուլում, անկախ Կովկասյան մուսուլմանների վարչության ներկայիս նախագահին պաշտոնանկ անելու ակտիվ կոչերից, խիստ դրված է նրան փոխարինող գտնելու խնդիրը։
«Այստեղ շատ հարցեր կան։ Նախ` Փաշազադեն 2013 թվականին այս պաշտոնում ցմահ էր հաստատվել։ Երկրորդը` նրան համապատասխան փոխարինող չկա, քանի որ այս պաշտոնի հետ ասոցացվող և բավական ազդեցիկ թեկնածուները, շեյխ ուլ իսլամի քննադատների կարծիքով, նույնպես ուսում են ստացել Իրանում և ներկայացնում են Թեհրանի շահերը», – նշեց Տոնոյանը։
Մյուս կողմից` անհնար է պատկերացնել նաև թուրքամետ ներկայացուցչի նշանակում, քանի որ Ադրբեջանի մուսուլմանների մոտ 85%–ը շիա իսլամ են դավանում (իսկ Թուրքիայում սունիներ են)։ Բացի այդ, կարող են լուրջ խնդիրներ առաջանալ Իրանի հետ։
Հնարավոր լուծումը վարչության լիարժեք լուծարումն է, բայց արդեն Փաշազադեի մահից հետո։
Այդպիսով` Փաշազադեի հայտարարությունները զուտ պատրվակ են Թուրքիայի կողմից հակաիրանական արշավի համար։ Թուրքիան չի ցանկանում կիսել Ադրբեջանում իր ազդեցությունն ու պատերազմում տարած հաղթանակում իր բացառիկ դերը։
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Փաշազադեն հայտարարեց. «Այաթոլլա Համենեի որոշումն ու «Ղարաբաղը իսլամական հող է» խոսքերը Ադրբեջանին հաղթանակի հասցրին»։ Փաշազադեն նաև երախտագիտություն էր հայտնել Իրանին և գրեթե չէր անդրադարձել Թուրքիային։