Օրենքի հերթական չարաշահում. «Պատիվ ունեմ»-ը` Չարչյանի կալանավորման որոշման մասին

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վերահաստատում է, որ ուժերի ներածին չափով պայքարելու է արդարադատության հաստատման համար՝ հույս ունենալով, որ կլինի իրավունքից և օրենքից բխող դատական ակտ և պրոֆեսոր Արմեն Չարչյանը կլինի ազատության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համատեքստում դեռ ամիսներ առաջ պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումները ոչ իրավաչափ էին և հակասում էին ՀՀ օրենքներին։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նման հայտարարություն է տարածել` անդրադառնալով Արմեն Չարչյանի կալանավորման որոշմանը։
Չարչյանի կալանքի որոշումը կայացվել է մինչև նրա պատգամավոր դառնալը. դատախազություն
«Մեկ ամիս ապօրինի կալանքի տակ պահվելուց հետո, դատարանը պրոֆեսորին ազատ արձակելու որոշում էր կայացրել, սակայն այսօր մենք ականատես ենք իշխանության ու օրենքի հերթական չարաշահման»,–ասված է հայտարարության մեջ։
«Պատիվ ունեմ» խմբակցությունն արձանագրում է, որ պատգամավորի անձեռնմխելիություն ունեցող պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ դատարանի կայացրած նմանօրինակ որոշումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում և խայտառակ ապօրինություն։
Խմբակցությունն իր զորակցությունն է հայտնում խորհրդարանական ընդդիմադիր ուժի պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին և պահանջում է իրավապահներին գործել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ գործող իշխանությունների կամայականություններից բխող անձի հեղինակությանը վնասող և իրավունքը ոտնահարող գործողություններից։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը վերահաստատում է, որ ուժերի ներածին չափով պայքարելու է արդարադատության հաստատման համար՝ հույս ունենալով, որ կլինի իրավունքից և օրենքից բխող դատական ակտ և պրոֆեսոր Արմեն Չարչյանը կլինի ազատության մեջ։
Մեր արձագանքը լինելու է համարժեք. «Հայաստան» դաշինքը` Չարչյանի կալանքի որոշման մասին
Նշենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը և կայացրեց վերջինիս կալանավորելու որոշում։