ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Կալանքը՝ որպես միակ խափանման միջոց քաղաքական գործերով դիտարկելու ձև, այս իշխանության կայուն ձեռագիրն է, որը խախտում է մարդու ազատության իրավունքի վերաբերյալ սահմանադրական և իրավական սկզբունքները: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» դաշինքը` անդրադառնալով «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշմանը։
«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղիղ ցուցումը, որոշեց իրավական ամենաթողությամբ կալանավորել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Նշվածը պայմանավորված է մեկ անձի ծայրահեղ վախերով»,–ասված է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։
Ասվում է նաև, որ Անկախության հռչակագրի օրը մեր անկախության դեմ պայքարող իշխանությունները «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի որոշել են պահել պատանդի կարգավիճակում: Նշվածով, ըստ «Հայաստան» դաշինքի, հանրությունը ևս մեկ անգամ համոզվում է այս իշխանությունների՝ հանրային համերաշխության հերթական սուտ ու կեղծ օրակարգը որդեգրելու մեջ։
«Պատահական չենք համարում, որ այս խայտառակ որոշումը կայացվեց սահմանային լարված իրավիճակի ու կառավարության ծրագրի ներկայացումից առաջ: Մեր արձագանքն այս ապօրինություններին լինելու է համարժեք»,–նշված է հայտարարության մեջ։
Հայտնել էինք, որ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը։ Այսպիսով, վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։