Ալեն Սիմոնյանը լսել է լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներին

ԱԺ նախագահի հետ հանդիպումը կայացել է լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նախաձեռնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոններում լրագրողների տեղաշարժին վերաբերող նորմերը։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի լրատվական ծառայությունը։
Նշենք, որ Սիմոնյանն ընդունել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանին, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» տնօրեն Նունե Սարգսյանին և «Լրագրողների ասպարեզ ակումբի» նախագահ Լևոն Բարսեղյանին:
«Ի պատասխան հարցին, որ կանոնակարգումը լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտ կարող է հանդիսանալ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ դրանց բնույթը բացառապես անվտանգության նորմերից է բխում: Նա հավելել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում լրագրողների գործունեությունն ԱԺ-ում առավել բարենպաստ դարձնելու համար՝ որպես օրինակ բերելով տեղեկատվական ցանկացած առիթի դեպքում համապատասխան բանախոսների ապահովումը»,-նշված է հաղորդագրության մեջ։
ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ օրերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է յուրաքանչյուր ամիս ճեպազրույց ունենալու հանձնառության մասին:
ԱԺ խորհուրդն ընդունեց լրագրողների գործունեությունը խորհրդարանում սահմանափակող որոշումը
Հավելենք, որ հանդիպումն իրականացել է լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ փոփոխվել են Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոններում լրագրողների տեղաշարժին վերաբերող նորմեր։
Համաձայն դրանց` հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ. խոսքը պատգամավորների և աշխատակազմի աշխատակիցների աշխատասենյակներ տանող միջանցքների մասին է:
Լրագրողին չի կարելի զրկել «առաջին ձեռքից» «տաք» տեղեկություններ ստանալու իրավունքից. ՄԻՊ