ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ ուղևորների առողջության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար խստացվում են երկաթուղային կայաններում, միջազգային գնացքներում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում գործող սահմանափակումները: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
«Երկաթուղային կայարանների տարածք և գնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներ դնող ուղևորների համար: Այժմ ընկերությունը հորդորում է աշխատողներին պատվաստվել Covid-19-ի դեմ: Քաղաքացիների հետ աշխատող գրեթե ամբողջ անձնակազմն արդեն պատվաստվել է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ բոլոր կայարանային տարածքները օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով: Յուրաքանչյուր ուղերթի ավարտից հետո բոլոր գնացքների վագոններն օդափոխվում և ախտահանվում են, վագոնների և կայարանների ախտահանումը կատարվում է նաև օրվա վերջում:
Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանում ավելացել է կորոնավիրուսով վարակման դեպքերը։ Այդ պատճառով հոկտեմբերի 1-ից Հայաստանում նախատեսվում են նոր սահմանափակումներ։
Տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:
Արդեն իսկ խստացվել է փակ տարածքներում դիմակներ դնելու վերահսկողությունը։