ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերն այս տարվա հոկտեմբերին կանցկացնեն «Փոխազդեցություն-2021» զորավարժությունները: Այդ մասին այսօր հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Sputnik հարթակում առցանց ճեպազրույցի ժամանակ:
Ինչպես նշել է Զասը, նախատեսվում են նաև «Էշելոն-2021» նյութական և տեխնիկական աջակցության ուժերի, ինչպես նաև «Պոիսկ-2021» հետախուզական ստորաբաժանումների զորավարժություններ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ զորավարժությունների թեմաները շատ արդիական են՝ կապված Աֆղանստանում առկա իրավիճակի հետ:
Կիրականացվեն անօրինական ռազմական կազմավորումների ոչնչացման վարժանքներ:
Անդրադառնալով Աֆղանստանում տիրող իրավիճակին, Զասը մտահոգություն է հայտնել, որ զինյալների դեմ դիմադրությունը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Նա միաժամանակ ընդգծել է, որ Տաջիկստան-Աֆղանստան սահմանը պահպանելու համար լրացուցիչ ուժերի, այդ թվում ՀԱՊԿ-ի ներգրավումը պարտադիր չէ:
ՀԱՊԿ անդամ երկրներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղղզստանը և Տաջիկստանը: