ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով համաներում է հայտարարվելու պատերազմի ժամանակ դատապարտված և հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ։ Այս մասին գրում է armlur.am-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Նշվում է, որ համաներումը կտարածվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց վրա: Ըստ քննչական կոմիտեի՝ պետությունը, համաներում հայտարարելով, գնահատում է ռազմական գործողությունների ընթացքում իր զինված ուժերի կողքին կանգնելու քաղաքացիական պարտքի կատարման վեհ գործին նվիրումը, ինչին ի պատասխան ցուցաբերում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ:
Ի դեպ, նախագծում նախատեսվել է դրույթ, ըստ որի՝ համաներումը կիրառվում է նաև մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը ներառյալ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։