Ադրբեջանը հստակ ազդակներ է տալիս, որ «Զանգեզուրի միջանցքը» բացելու է ուժով. Ալավերդյան

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին ռազմատենչ հայտարարությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը հստակ ազդակներ է տալիս այն մասին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու է ուժով։ Այսօր մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարությունները։
«Եվ ոչ թե նրա համար, որ Նախիջևանն ու Ադրբեջանը իրար միացնի, ինչպես պնդում էին նախկինում, այլ որպեսզի դա ծառայի ադրբեջանցիների` այստեղ (Սյունիքում,– խմբ.) գալուն ու բնակվելուն»,– ասաց Ալավերդյանը։
Նախկին ՄԻՊ–ը չի հերքում` խորհրդային տարիներին Հայաստանի այդ հատվածում մեծ թվով ադրբեջանցիներ են հաստատվել, որոնք ժամանակին եկել են Սյունիքի սարերում իրենց ոչխարի հոտերն արածեցնելու ու, օգտվելով բարենպաստ պայմաններից, տեղափոխվել խորհրդային Հայաստանի այդ տարածքներ` բնակվելու։
ՄԻՊ–ը թարգմանել է Ալիևի ելույթները և ուղարկել ԱԺ պատգմավորներին
«Ադրբեջանցիները նման ավանդույթ ունեն` այնտեղ, որտեղ իրենք ծնվել են, համարում են իրենց հայրենիքը»,– ասաց բանախոսը` մեկնաբանելով Ալիևի անթաքույց նկրտումները Հայաստանի տարածքների, այդ թվում` Սյունիքի նկատմամբ։
Այս իրավիճակում Հայաստանի իշխանության ու մասնավորապես ռազմական ղեկավարության կողմից հայտարարվող մոբիլիզացիան Լարիսա Ալավերդյանը որակում է որպես «քաղաքական անմեղսունակություն»։ Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում առաջին հերթին պետք է խոսվի բանակի ուժեղացման մասին, մինչդեռ, իր համոզմամբ, իշխանությունը շարունակում է քայքայել բանակը։
Հիշեցնենք` օգոստոսի 17–ին Քարվաճառում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքներն էր ուղղել Հայաստանին` հայտարարելով, որ Վարդենիսն ու Սյունիքի մարզը ադրբեջանական հողեր են:
Նա ասել էր, որ Ադրբեջանը մտադիր է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջոցով օգտագործել այն և «իր քաղաքացիներին վերադարձնել նախնիների երկիր»։
«Ալիևը գաղտնազերծում է պայմանավորվածություններ. քաղտեխնոլոգը` խաղաղության պայմանագրի մասին