ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի –Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի մի շարք մասնակիցներ, բառիս բուն իմաստով, մեր պայքարի խորհրդանիշը դարձան։ Նրանցից մեկը Մնացական Ավետիսյանն է։ Այսօր հերոս սպան ամուսնացավ սիրած աղջկա՝ Աննայի հետ։
Հիշեցնենք՝ «Զինուժի» նկարահանած տեսանյութից Մնացականը հիշվեց առաջին հերթին իր խզված ձայնով։ Այդ ձայնը պատմում էր շուրջօրյա մղվող պայքարի, տղաների անքուն գիշերների մասին։
Հրետանավոր հրամանատարն այնքան էր գոռացել «կրակ», որ ձայնալարերը տեղի էին տվել։
Մնացականի անմիջական հրամանատարության ներքո էր ծառայում այս 44-օրյա պատերազմի ամենահայտնի խորհրդանիշը դարձած, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը։ Ալբերտի հերոսաբար զոհվելուց հետո Մնացականն է օգնել դիրքերից նրա մարմինը իջեցնելուն։