Հարյուրավոր թալիբներ ուղևորվել են դեպի խռովարար Փանջշեր

Փանջշեր նահանգում դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդին չորս ժամ են տվել հանձնվելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ իր զինյալներն ուղևորվում են Քաբուլից հյուսիս-արևելք գտնվող, իրենց կողմից դեռևս չվերահսկվող Փանջշեր նահանգ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները։
«Իսլամական Էմիրության (թալիբների քաղաքական համակարգի ինքնանվանումը) հարյուրավոր մոջահեդներ ուղևորվում են Փանջշերի նահանգ, որպեսզի վերահսկողություն սահմանեն, երբ տեղի պաշտոնյաները հրաժարվել են այն խաղաղ ճանապարհով հանձնել», - հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչներից մեկը։
Կկարողանա՞ն թալիբները պայմանավորվել աֆղանական դիմադրության ղեկավար Մասուդի հետ
Ավելի վաղ ահաբեկչական շարժումը հայտարարել էր, որ Փանջշերում դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդին չորս ժամ է տալիս հանձնվելու համար:
Մասուդը 2001 թվականին զոհված «Հյուսիսային դաշինքի» առաջնորդ Ահմադ Շահ Մասուդի որդին է։
Ի պատասխան վերջնագրի ՝ նա հայտարարել է, որ նահանգի բնակիչները պատրաստ են պաշտպանության և չեն հանձնելու Փանջշերը։ Մասուդի խոսքով ՝ ինքն ու իր կողմնակիցները «ցանկանում են վերջ տալ պատերազմին և ձգտում են երկխոսության», իսկ «Թալիբանը» երկար չի դիմանա, եթե չփոխի իր քաղաքականությունը:
Մասուդը հաստատել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ բացի տեղի տաջիկական աշխարհազորայիններից, իր հրամանատարության ներքո են զինվորականներ, որոնք զինված ժամանել են երկրի այլ շրջաններից, այդ թվում ՝ հատուկ ստորաբաժանումների մարտիկներ:
Եվրամիությունը չի ճանաչում «Թալիբան» շարժումն ու հրաժարվում է բանակցել զինյալների հետ
Հիշեցնենք՝ Աֆղանստանում իրավիճակը սրվել է ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։ Օգոստոսի սկզբին «Թալիբանի» զինյալները լայնածավալ հարձակում էին ծավալել, գրավել խոշոր քաղաքներ, իսկ օգոստոսի 15-ին մուտք գործել Քաբուլ: Նախագահ Աշրաֆ Ղանին փախել է ԱՄԷ։ Թալիբները հայտարարում են, որ 20-ամյա պատերազմն ավարտված է, իսկ կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս:
ՀՀ–ն պետք է հասկանա, թե ինչ վտանգների հետ է առերեսվելու աֆղանական խնդրի առթիվ. Սարգսյան
Այժմ շարժումը վերահսկում է Աֆղանստանի տարածքի մեծ մասը և ցամաքային բոլոր սահմանային անցումները։ Այլ երկրների քաղաքացիներին և օտարերկրյա առաքելություններում աշխատող աֆղանցիներին տարհանում են Քաբուլում միակ օդանավակայանի միջոցով, որը պահում են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները: