ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Եղիսաբեթ երկրորդը թագուհին պատրաստվում է դատի տալ արքայազն Հարրիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին։ Միաժամանակ, թագուհին դեռ հույս ունի, որ թոռն ու հարսն ավելի լավ կմտածեն և կդադարեցնեն հակամարտությունը։ Տեղեկությունը հայտնում է The Sun-ը:
Մեծ Բրիտանիայի թագուհին փաստաբանների թիմ է վարձել ՝ թոռնիկին և նրա կնոջը համապատասխան հակահարված տալու համար, որոնք «բազմիցս հարձակվել են» թագավորական ընտանիքի վրա:
«Կա սահման, թե որքան են նրանք պատրաստ հանդուրժել։ Թագուհու և նրա ընտանիքի համար արդեն բավական են հարձակումներ։ Հարրին և Մեգանը կիմանան ու կհասկանան, որ հարձակումների կրկնություններն անթույլատրելի են», - նշել է պարբերականի՝ թագավորական ընտանիքին մոտ աղբյուրը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ իրավաբաններն ու փորձագետները խորհրդակցություններ են անցկացնում զրպարտության վերաբերյալ դատական հայց ներկայացնելու համար:
Հաղորդվում է նաև, որ փաստաբանները մտադիր են նախազգուշացումներ ուղարկել Penguin Random House ընկերությանը, որը նախատեսում է հրապարակել արքայազն Հարրիի հուշագրությունները: Վերջինս, խոսելով հուշագրությունների մասին, նշել է, որ ինքը «գրում է ոչ թե որպես արքայազն, որ ծնվել է, այլ որպես մի մարդ, որ դարձել է»:
Ավելի վաղ ՝ հուլիսին, հաղորդվել էր, որ Հարին Penguin Random House հրատարակչության հետ պայմանավորվել է իր հուշագրությունների հրապարակման մասին և խոշոր կանխավճար է ստացել: Թագավորական կենսագիր Անժելա Լևինը պնդում էր, որ գիրքը նվիրված կլինի արքայադուստր Դիանայի մահվանը։
Հավելենք, որ արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի հարաբերությունները Բուքինգհեմյան պալատի հետ վերջնականապես փչացել են 2021 թվականի մարտին ամերիկյան հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիի հետ սկանդալային հարցազրույցից հետո։ Մարքլը եթերում ակնկարկել էր, որ թագավորական ընտանիքի որոշ անդամներ ռասիստական տրամադրություններ ունեն։