ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայուն է, դիվանագիտական մակարդակով աշխատանք է տարվում։ Դիլիջանում «Խաղաղության մարտիկ» մրցախաղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է, մեծ փոփոխություններ չկան: Ինչ վերաբերում է նրանց` մեր տարածքը լքելուն, ապա բազմիցս հայտարարվել է, որ ջանքեր են գործադրվում, մասնավորապես, դիվանագիտական դաշտում։ Այդ աշխատանքի հիման վրա որոշում կկայացվի զինված ուժերի մասով։ Աշխատանքներն ընթանում են, մենք հույս ունենք, որ հարցը կլուծվի», - ասել է Դավթյանը։
Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։
Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։