Արմեն Սարգսյանը մտահոգված է Աֆղանստանում ստեղծված իրավիճակով

Հայաստանի նախագահն ընդգծում է, որ մարդու կյանքի ու ազատության նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունն անընդունելի են աշխարհի ցանկացած հատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Twitter-ի իր էջում մեկնաբանել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը։ Նա նշել է՝ այն, ինչ հիմա Աֆղանստանում է կատարվում, համեմատաբար հեռու է մեր տարածաշրջանից։
Այնուամենայնիվ, իրավիճակը, իսկ ավելի ճիշտ՝ դրանից բխող մարդասիրական հետևանքները չափազանց մտահոգիչ են։ Նրա կարծիքով՝ այդ հետևանքները սպառնում են տարածվելու Աֆղանստանի սահմաններից դուրս։
«Մարդու կյանքի ու ազատության նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունը, որոնց մենք ականատես լինում այսօր նաև մեր սահմաններին, անընդունելի են աշխարհի ցանկացած հատվածում»,- գրել է ՀՀ նախագահը։
Աֆղանստան. բնակչությունն ու օգտակար հանածոները
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվեց վերջին շաբաթների ընթացքում, երբ թալիբները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա («Թալիբան» շարժումը ՌԴ–ում ահաբեկչական խմբավորում է ճանաչվել և արգելված է)։ Օգոստոսի 15–ին ԶԼՄ–ները հայտնեցին, որ թալիբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը։ Նույն օրն ավելի ուշ գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ առել նախագահի նստավայրը։
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր հերթին հայտարարեց, որ երկիրը լքել է արյունահեղությունը կանխելու համար։ Կիրակի լույս երկուշաբթի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմն էլ հայտարարեց, որ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է։