Ադրբեջանցիները Շուշին դարձնելու են «ուխտավայր». Դավիթ Բաբայանը` այնտեղ կատարվողի մասին

Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ կրակոցներով ադրբեջանցիները նպատակ ունեն թերահավատություն սերմանել մեր մեջ՝ մեր ապագայի հանդեպ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանցիները Շուշին դարձնելու են «ուխտավայր» տարբեր կատեգորիաների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Դեսպաններ, միջազգային կազմակերպություններ, ներքին լսարանի համար՝ մշակութային փառատոններ, երգիչներ, հերոսներ, մարզիկներ... Բոլորին բերելու են այնտեղ, որովհետև դա իրենց քարոզչամեքենայի մի մաս է՝ ցույց տալ, որ սա իրենցն է, փորձել ինչպես իրենց ոգի հաղորդել, այնպես էլ մեզ դրանով վհատեցնել»,- նշեց Բաբայանը։
Շուշիի Եղցահող գյուղից հայկական զինուժը հետ չի քաշվել. ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ
Ինչ վերաբերում է Արցախում ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ արձակվող կրակոցներին, Բաբայանի խոսքով, ադրբեջանցիները նպատակ ունեն «տարբեր կրակոցներով թերահավատություն սերմանել մեր մեջ՝ մեր ապագայի հանդեպ»։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի՝ Ստեփանակերտի աղբյուրի փոխանցմամբ՝  երեկ երեկոյան ժամը 10-ից մինչև այսօր առավոտ ադրբեջանական զինվորականները գնդակոծել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերը. կրակահերթերը նկարահանվել են։
Ըստ տեղեկությունների՝ կրակոցներն արձակվել են այն ժամանակ, երբ Շուշի հատուկ այց էր կազմակերպվել ադրբեջանական մի քանի Telegram ալիքների ներկայացուցիչների համար։
Չի բացառվում, որ կրակոցներն իրականացվել են պատասխան կրակ ստանալու նպատակով, որպեսզի բլոգերները տեսանկարահանեին դա։
Շուշիի շրջանում հայկական և ադրբեջանական դիրքերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. ՌԴ ՊՆ
Սակայն ռուսական խաղաղապահ զորակազմը և պաշտպանության բանակի ստորաբաժանումները զսպվածություն են ցուցաբերել ՝ չնայած հրադադարի ռեժիմի ակնհայտ խախտումներին: Հայտնի է, որ հակառակորդը կիրառել է ինքնաձիգներ, դիպուկահար հրացաններ և գնդացիրներ: