ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ԽՍՀՄ փլուզումը ցավագին հարված հասցրեց նախկին խորհրդային հանրապետություններին։ Այդուհանդերձ Ուկրաինան գրեթե միակ հետխորհրդային երկիրն է, որն անկախության 30 տարիների ընթացքում այդպես էլ չհասավ 1980 – ականների վերջի և 1990-ականների սկզբի տնտեսական մակարդակին:
Համաշխարհային բանկի տվյալներով` 1990 թվականին, երբ ստորագրվեց Պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը, Ուկրաինայի ՀՆԱ–ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմում էր 3965 դոլար։ 2020 թվականին ՀՆԱ–ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմել է ընդամենը 3115 դոլար։
Ուկրաինայում աղետալի իրավիճակ է գնաճի հարցում. վերջին 10 տարիների ընթացքում ապրանքների գներն աճել են շուրջ 200%–ով։
«Ուկրաինան չկայացած պետություն է, քանի որ նրա տնտեսական մոդելը, որը Ռուսաստանի հետ գործակցության բացակայություն է ենթադրում, կենսունակ չէ», – նշում է տնտեսագետ և հրապարակախոս Միխայիլ Խազինը։
Փորձագետի խոսքով` շուտով երկրում կմնան միայն անդրազգային կորպորացիաները, որոնք կխժռեն Ուկրաինան։
«Բոլորս տեսնում ենք` ինչ է տեղի ունենում Աֆղանստանում։ Ամենայն հավանականությամբ, Ուկրաինային, ինչպես և Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներին, մոտավորապես նույն սցենարն է սպասում», – կարծում է տնտեսագետը։
Խազինը վստահ է, որ Ուկրաինայի իշխանությունները շահագրգռված չեն տնտեսության աճի հարցում, իսկ Արևմուտքն ու ԱՄՆ–ն լուրջ չեն ընդունում Կիևին և միայն օգտագործում են որպես մանր խաղաքար։
«Ուկրաինայի իշխանության ղեկին գտնվող բոլոր մարդկանց գլխում միայն մեկ հիմնական միտք կա` գողանալ հնարավորինս շատ և այն պահին, երբ այլևս գողանալ հնարավոր չի լինի, փախչել», – եզրափակում է Sputnik–ի զրուցակիցը։
Այն մասին, թե արդյոք Ուկրաինային դեֆոլտ է սպառնում, և Անգելա Մերկելը Վլադիմիր Զելենսկու հետ կքննարկի արդյոք «Հյուսիսային հոսք-2»–ը Կիև այցելելու ժամանակ, դիտեք Sputnik–ի հարցազրույցի ամբողջական տարբերակում: