ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ուսումնասիրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օգոստոսի 14-ի հարցազրույցը «CNN Türk»-ին և օգոստոսի 16-ին Քարվաճառ ու Բերձոր նրա այցերի ելույթները, առանձնացրել այն հատվածները, որոնք հայատյացություն ու թշնամանք են պարունակում։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
Այդ հատվածները ՄԻՊ-ը հայերեն ու անգլերեն տարբերակներով ուղարկել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին:
«Հարցն այն է, որ այդ ելույթներով գեներացվում է ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, դրանցով տրվում են սպառնալիքներ, արվում են վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ: Այդ ելույթները խաթարում են խաղաղությունը: Իսկ հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, այդ թվում՝ գլխատումների, խոշտանգումների ու սպանությունների փաստերը վկայում են ադրբեջանական զինված ուժերը դրանք իրականացրել են՝ ոգեշնչված լինելով հենց իրենց գերագույն գլխավոր հրամանատարից»,- գրել է Թաթոյանը Facebook-ում։
Նրա խոսքով՝ ադրբեջանական նման քաղաքականության ուղիղ հետևանքն են ներկայում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների զանգվածային խախտումները (կրակոցներ գյուղերի ուղղությամբ, սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, գողություններ և այլն):
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես է իրականացնում ադրբեջանական իշխանության մարմինների ուղերձերի ու ելույթների ուսումնասիրություն՝ պետական բարձր հովանավորչությամբ թշնամանքի ու հայատյաց քաղաքականության ապացույցները փաստագրելու նպատակով: Ընդ որում, նյութերն առաջնահերթ ուսումնասիրվում են ադրբեջաներենով:
Այս ամենը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու, առկա ոտնահարումները վերացնելու նպատակով:
Հիշեցնենք`օգոստոսի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «CNN Türk»-ին տված հարցազրույցում ասել էր, որ ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%, խոստովանել էր` առանց Թուրքիայի Ադրբեջանը մեծ խնդիրներ կունենար պատերազմում, և «անտրամաբանական» էր որակել ՌԴ–ի` Հայաստանին զենք մատակարարելու հայտարարությունները։
Իսկ օգոստոսի 17-ին Ադրբեջանի նախագահն այցելել էր Քարվաճառ (Քելբաջար), որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անցավ Ադրբեջանին, և այնտեղ սպառնացել Հայաստանին` խոստանալով «Զանգեզուր վերադարձնել» իր քաղաքացիներին։