Կազանում բացվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գեղանկարների ցուցահանդեսը

Ցուցանմուշների մի մասը հաջորդ տարի կվաճառվի աճուրդով: Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 12-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Կազանում ցուցահանդես է բացվել, որում ներկայացված են ՌԴ պաշտպանության նախարար, Ռուսական աշխարհագրական ընկերության նախագահ Սերգեյ Շոյգուի «Արվեստը հանուն կյանքի» աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի քան 455 հազար զինվորական կմասնակցեն «Բանակային խաղեր-2021»-ին. Շոյգու
Ցուցահանդեսում ընդգրկված է 100 ստեղծագործություն՝ 83 գեղանկար և 17 դեկորատիվ փայտե առարկա։ Ցուցահանդեսի կազմակերպիչները հայտնել են, որ ցուցանմուշների մի մասը հաջորդ տարի կվաճառվի աճուրդով, իսկ ստացված միջոցները կուղղվեն ծանր հիվանդ երեխաների բուժմանը:
Կայացել է նաև հատուկ ցուցահանդեսին ընդառաջ 10 հազար օրինակով թողարկված և Շոյգուի ստեղծագործությամբ պատկերազարդված փոստային բացիկների հանդիսավոր մարումը։
Աշխատանքները ցուցադրվում են Կազանի կրեմլում, «Խազինե» ազգային պատկերասրահում։ Այն դիտելուց հետո կարելի է այցելել նաև Ռուսական աշխարհագրական ընկերության բաց դասախոսություններին։ Նախատեսվում են նաև թեմատիկ վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ։
ՌԴ–ն ամեն ինչ անելու է Հայաստանի սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար. Շոյգու
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը և Ռուսաստանի Աշխարհագրական ընկերության ակադեմիկոս Նիկոլայ Կասիմովը: Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 12-ը։
«Արվեստ հանուն կյանքի» ցուցահանդեսը կազմակերպվել է համանուն բարեգործական նախաձեռնության զարգացման համար, որի շրջանակում մայիսի 14-ին կայացած աճուրդում վաճառվել է ստեղծագործություն:
Աճուրդից ստացված 40 միլիոն ռուբլին ուղղված է քաղցկեղով և գլխուղեղի ու ողնուղեղի այլ ծանր հիվանդություններով տառապող մանկահասակ հիվանդների բուժմանն ու վերականգնմանը: Այսօրվա դրությամբ այդ գումարից արդեն ավելի քան 10 մլն ռուբլի է ծախսվել, օգնություն է ստացել 23 երեխա:
Սերգեյ Շոյգուի դուստրը ցույց է տվել, թե ինչպես է հանգստանում հայրը