ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորների և նրանց ընտանիքների անդամների հետ, նշում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ զինվորները ապրիլից Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի օրհնությամբ և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հրավերով իրենց բուժումն են ստանում Ավստրիայի Կաթոլիկ Եկեղեցու հովանու ներքո գործող բարձրակարգ բժշկական հաստատություններում։
Վեհափառ Հայրապետը ծանոթացել է տղաների բուժման և պրոթեզավորման ընթացքին։ Ծանր վիրավորում ստացած զինվորներից երկուսը բարեհաջող վիրահատություններից, վերջույթների պրոթեզավորումից և վերականգնողական թերապիայից հետո արդեն վերադարձել են Հայաստան։
Հանդիպման ժամանակ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք է բարձրացրել բոլոր վիրավոր զինվորների համար՝ մաղթելով նրանց շուտափույթ ապաքինում, ոգու ամրություն և Աստուծո օգնականություն։
Վեհափառ Հայրապետն հանդիպում է ունեցել Ավստրիայի Կարդինալ և Վիեննայի Արքեպիսկոպոս Քրիստոֆ Շյոնբոռնի հետ և նրան փոխանցել իր ջերմ շնորհակալությունը վիրավոր զինվորների հանդեպ հոգածության համար։