Հայաստանն առաջին հերթին իր պետական շահերից ելնելով` պետք է առաջարկություններ անի, նախապես մշակի դրանք, որոնց միջոցով ՀԱՊԿ–ն կկարողանա զսպել այն ախորժակը, որն առաջ է եկել Թուրքիայի և իսլամական որոշ պետությունների մոտ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արամ Սարգսյանը։
Նրա համոզմամբ` հատկապես միջուկային զենք ունեցող Պակիստանն իր հերթին բոլոր հնարավոր միջոցներով ամրապնդվելու է Աֆղանստանում, փորձելու է ի ցույց դնել իր կարողությունները` ավելացնելով սեփական դիրքերն այդ տարածաշրջանում, հետևաբար Հայաստանը ՀԱՊԿ–ի շրջանակում պետք է կարողանա համոզիչ փաստարկներ ներկայացնել գործընկերներին առ այն, որ անհրաժեշտ է շատ արագ օպերատիվ միջոցներ իրականացնել։
«Նրանք, ովքեր կարծում են, թե միայն սահմաններ փակելով կարող են կասեցնել ծայրահեղ իսլամիստների առաջխաղացումը, պարզապես միամիտ են։ Փախստականների մի հսկայական բանակ կշարժվի դեպի Միջին Ասիա և անխուսափելիորեն նաև Եվրոպա, ու թե որքան այդ փախստականների խմբերի մեջ կլինեն ԻԳԻԼ–ի կամ «Ալ–Քաիդայի» անդամներ, դժվար է պատկերացնել»,– նշեց ՀԴԿ նախագահը։
Սարգսյանի կարծիքով` ՀԱՊԿ–ի պետությունները, բացի Ռուսաստանից, Բելառուսից ու Հայաստանից, պետք է վերանայեն իրենց դիրքորոշումները կովկասյան տարածաշրջանի նկատմամբ և հասկանան, որ այստեղ, այսպես կոչված, համերաշխությունը Թուրքիայի հետ լոկ կրոնական հենքով շատ վտանգավոր է, որովհետև իրենք էլ կընկնեն նույն հարվածի տակ, և շատ դժվար կլինի պահպանել ինքնիշխանությունն ու պետականությունը։
Ըստ նրա`ովքեր չեն ընկալում ներկայիս Թուրքիայի ազգայնական ղեկավարության նկրտումներն առ այն, որ Անկարան կամենում է իրեն ենթարկեցնել մահմեդական թուրքալեզու ժողովուրդներին, պարզապես ոչինչ չեն հասկանում քաղաքականությունից կամ էլ բավարարվում են վասալի կարգավիճակով։
ՀԴԿ նախագահի դիտարկմամբ` Թուրքիան ոչ թե ուզում է լոկ միություն ստեղծել թուրքալեզու պետությունների հետ, այլ իշխող դիրք գրավել նրանց նկատմամբ, ինչպես արեց Ադրբեջանում, որովհետև Ալիևն այսօր նոմինալ նախագահ է և ուղղակիորեն ենթակա է Էրդողանին։ Հայաստանն իր դաշնակիցների հետ պետք է հասկանա, թե ինչպիսի վտանգների են առնչվելու և ինչ քայլեր է անհրաժեշտ անել։
Ըստ նրա` շատ կարևոր է հատկապես վերլուծական խմբերի, փորձագիտական ինստիտուտների աշխատանքը
Նշենք, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները օգոստոսի 23-ին տեսակոնֆերանս կանցկացնեն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ։ ՌԴ նախագահը նշել է, որ այս պահին ամենահրատապ խնդիրը անվտանգությունն է՝ հաշվի առնելով Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները:
ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի այս տարի Տաջիկստանում: