ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Եվրամիությունը չի ճանաչում «Թալիբան» շարժումն ու չի պատրաստվում քաղաքական երկխոսություն վարել զինյալների հետ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Մադրիդում՝ Քաբուլից տարհանված Աֆղանստանի այն քաղաքացիների հետ հանդիպումից հետո, որոնք համագործակեցլ են ԵՄ-ի հետ։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը։
«Մենք բոլորս լսում ենք «Թալիբանի» խոստումները, սակայն նախ մենք դրանք կչափենք նրանց արարքներով ու գործողություններով»,- Reuters-ի փոխանցմամբ, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ ներկայացուցիչը:
Ուրսուլա Ֆոն դեր Լայենը խոստացել է առաջարկել 57 մլն եվրոյով ավելացնել աֆղանցների հումանիտար կարիքների համար Եվրահանձնաժողովի կողմից տրամադրվող օգնությունը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվեց վերջին շաբաթների ընթացքում, երբ թալիբները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա («Թալիբան» շարժումը ՌԴ–ում ահաբեկչական խմբավորում է ճանաչվել և արգելված է)։ Օգոստոսի 15-ին գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ առել նախագահի նստավայրը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր հերթին հայտարարեց, որ լքել է երկիրը` «արյունահեղությունը կանխելու համար»։