Չինաստանի արտգործնախարարն ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Վանգ Յին պատրաստ է Արարատ Միրզոյանի հետ ամրապնդել գերատեսչությունների միջև հաղորդակցությունը և փոխգործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ու հրավիրել Մոսկվա
Յին նշել է, որ Չինաստանն ու Հայաստանն ավանդական բարեկամական գործընկերներ են: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ապահովվում են տարբեր մակարդակներում ակտիվ շփումներ և կապեր, միջազգային ասպարեզում հաստատուն կերպով առաջ են մղվում գործնական համագործակցությունը և փոխգործակցությունը, հետևողականորեն պահպանվում է չին-հայկական հարաբերությունների առողջ և հաստատուն դինամիկան:
«Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ամրապնդել մեր գերատեսչությունների միջև հաղորդակցությունը և փոխգործակցությունը, խորացնել բազմոլորտ համագործակցությունը չին-հայկական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար»,– գրված է ուղերձում:
Չինաստանի արտգործնախարարը քաջառողջություն և ամենայն բարիք է մաղել Արարատ Միրզոյանին։
Հիշեցնենք` Արարատ Միրզոյանն արտգործնախարար նշանակվեց օգոստոսի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։ Մինչ այդ նա 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն էր։