ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայություններն առանձին դեպքերում չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջներին։ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել են ԶՈւ թիկունքի վարչության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանատուները։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ պաշտոնական կայքը։
Կարապետյանը հանդիպել է պաշտպանական գերատեսչության պատվերով սննդի պատրաստման և պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
«Նախարարը խիստ քննադատության է ենթարկել զինծառայողներին մատուցվող սննդի պատրաստման և պահպանման ընթացքում խախտումներ թույլ տված կազմակերպություններին և հրահանգել ողջամիտ ժամկետում լիարժեք կերպով վերացնել արձանագրված բոլոր թերությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կարապետյանը ռազմական ոստիկանությանը հրամայել է ամենօրյա հսկողություն սահմանել ճաշարաններում, իսկ խախտումներ թույլ տված ընկերությունների դեմ կիրառել իրավական ողջ գործիքակազմը:
Հիշեցնենք, որ 2019-ին փետրվարի 21–ին կառավարությունը որոշեց փոփոխություն մտցնել Զինված ուժերի պարենավորման գործընթացում․ եթե մինչ այդ գործընթացն իրականացվում էր զինված ուժերի միջոցով, ապա որոշման նախագծով առաջարկվեց գործընթացում ներգրավել մասնավոր գործընկերոջ:
Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Զինծառայողներին տրվում է ճաշատեսակների ընտրության հնարավորություն։