Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ու հրավիրել Մոսկվա

ՌԴ ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ համագործակցությունը կնպաստի երկկողմ հարաբերությունների դաշնակցային ոգու և հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Միրզոյանը և Բաբայանը քննարկել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
«Բարձր եմ գնահատում ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Ձեր ունեցած ներդրումը հայ-ռուսական արդյունավետ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում։ Ակնկալում եմ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև սերտ, բազմաբովանդակ համագործակցության հետագա առաջմղումը, ինչը բխում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների առանցքային շահերից»,– ասված է Լավրվի ուղերձում։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հույս է հայտնում, որ տարածաշրջանային հարցերի լուծման գործում Մոսկվայի և Երևանի արդյունավետ համագործակցությունը, բազմակողմ հարթակներում դիրքորոշումների համաձայնեցվածությունը և եվրասիական ինտեգրացիոն նախագծերի անշեղ իրագործումը հետագայում ևս կնպաստեն երկկողմ հարաբերությունների դաշնակցային ոգու և հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը:
Վստահ չի կարելի ասել, որ Միրզոյանը վարչապետի ամենավստահելի անձանցից է. քաղտեխնոլոգ
Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանին հրավիրել է Մոսկվա` ՀՀ ԱԳ նախարարին հարմար ժամկետում:
Արարատ Միրզոյանն արտգործնախարար է նշանակվել օգոստոսի 19-ին` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։ Մինչ այդ նա ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն էր։