ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Թեև պատվաստումների տեմպը մեծացել է, բայց դեռևս գոհացուցիչ չէ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ աշխատանքային հանդիպում-քննարկման ժամանակ ասել են ոլորտի պատասխանատուները։
Ներկայացնելով առկա վիճակագրությունը` ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ հիվանդանոցային օղակում իրավիճակը դեռևս վերահսկելի է։ Մասնագետները նշել են, որ տարածաշրջանում COVID-19-ի ահագնացող աճի միտում կա` նոր շտամների ծանր ընթացքի և հիվանդության երիտասարդացման բարդություններով ուղեկցվող:
«Արդեն իսկ խստացվում են հակահամաճարակային կանոնների կիրարկման պահանջները, դրա նկատմամբ վերահսկողությունը: Մենք պետք է աշխատենք առողջապահական համակարգում` առաջնային օղակում, շտապ բժշկական օգնության ծառայությունում, պետական և մասնավոր բուժհիմնարկներում այդ պահանջին խիստ հետևողական լինելու ուղղությամբ»,-նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 508–ով և դարձել 236 742: