ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. «Ղարաբաղ Տելեկոմ»-ի վրա հաքերային հարձակման մասին Hetq.am-ի հրապարակման ստուգման արդյունքում քրգործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազության պաշտոնական կայքը։
Նշենք, որ օգոստոսի 7-ին Hetq.am կայքում հրապարակվել էր «Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները» վերնագրով լրատվական նյութը: Նյութում լրատվամիջոցը նշում էր, որ պատերազմի հենց առաջին օրերին «Ղարաբաղ Տելեկոմի» կապը սկսել էր խափանումներով աշխատել, և ակնհայտ էր, որ Արցախի կապի օպերատորը դարձել է ադրբեջանցի հաքերների հարձակման հիմնական թիրախներից մեկը։
«Պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00:00-ի սահմաններում, անհայտ անձը (անձինք), չունենալով «Ղարաբաղ Տելեկոմի» համակարգչային համակարգ և ցանց մուտք գործելու թույլտվություն, համակարգչային DDOS հարձակումներ է գործել ընկերության սերվերային ցանցի վրա»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Ասվում է նաև, որ անհայտ անձն ապօրինի մուտք է գործել համակարգչային համակարգ, հարված հասցրել ընկերության վիրտուալ համակարգին, խափանել սերվերների գործունեությունը, ջնջել տեղեկատվական համակարգում պահվող տեղեկությունները, շարքից հանել բջջային կանխավճարային համակարգը։ Բացի այդ, տիրացել են նաև համակարգչային համակարգում պահվող տեղեկատվությանը, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ:
Օգոստոսի 19-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով (համակարգչային սաբոտաժը) և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Պարզվել է նաև, որ «Ղարաբաղ տելեկոմի» հետ կնքված ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերի շրջանակում ընկերության համակարգչային համակարգ մուտք գործելու թույլտվություն ունեցել են օտարերկրյա երեք քաղաքացի և միջազգային մեկ կազմակերպություն:
Հարուցված քրգործով հետաքննություն է ընթանում։