Օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ

ՊՆ–ն հայտարարում է, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է` օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։
Զինվորի ճակատագիրը. պատերազմն ավարտվել է, բայց ապրելու համար դեռ կռվել է պետք
Վարժանքներին կներգրավվեն առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։ Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության մեջ։
ՊՆ–ն հայտարարում է, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության:
«Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում»,– ասված է ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Վերին Շորժայում հանգիստ է. հայ զինվորականներն ամրացնում են դիրքերը
Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն շուրջ 110 միավոր տրանսպորտային միջոցներ` երեք ամիս ժամկետով:
Վարժական հավաքների անցկացման մասին որոշումը ՀՀ կառավրությունն ընդունել է 2021 թվականի օգոստոսի 18-ի նիստում։
Որոշման համաձայն, եռամսյա հավաքներին կներգրավեն ընդհանուր 2169 քաղաքացի, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով: