ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին եղել և մնում է մեր ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկը, մեզ միավորող առանցքը։ Ամենայն հայոց կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդի ծննդյան նախօրեին իր մաղթանքն է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
«Որպես Ամենայն հայոց կաթողիկոս` Ձեր գահակալության հատկապես այս վերջին տարիները համընկնում են մի ժամանակահատվածի, երբ մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են բազում դժվարությունների ու փորձությունների միջով: Ցանկացած դժվարին իրավիճակ հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ միասնությունը»,–ասել է նախագահը։
Նրա խոսքով` առկա մարտահրավերներն ու խնդիրներն առավել քան կարևոր են դարձնում համախմբումը հոգևոր ու բարոյական արժեքների շուրջ, որոնք մնայուն են նաև մեր եկեղեցու շնորհիվ:
Նախագահը նշել է, որ մեր ժողովուրդը կարիք ունի հույսի, հավատի և վստահության, կարիք ունի բարոյական մաքրության, համերաշխ ու միասնական կեցության, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության, կարիք ունի վերածննդի ու վերարժևորման:
Հիշեցնենք, որ վաղը` օգոստոսի 21–ին, լրանում է Գարեգին Բ–ի 70-ամյակը։