ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելու որևէ առաջարկ չի ստացել։ Այսօր «Հանրային հեռուստաընկերության» հետ զրույցում ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանին առաջարկում են խաղաղության պայմանագիր կնքել, բայց հայկական կողմը չի արձագանքում։
«Մենք որևէ պայմանագիր չենք ստացել, սակայն այս առնչությամբ մենք դիրքորոշում ունենք՝ խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել ԼՂ հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորման միջոցով։ Իսկ դա էլ հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,–ասաց Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ հանդես եկան, իսկ Հայաստանն էլ արձագանքեց, որ պատրաստ է հիմնախնդրի երկարաժամկետ ու համապարփակ կարգավորման շուրջ բանակցել։ Հենց դա էլ, ըստ Գրիգորյանի, կլինի խաղաղության լավագույն պայմանագիրը, իսկ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկը դրա դետալներից է։
«Հայաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Իսկ ահա Ադրբեջանն այս պահին պատրաստ չէ դրան»,–ասաց Գրիգորյանը։
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած սահմանազատման և սահմանազատման խնդիրների ֆոնին։
Լարվածության առաջին օջախը մայիսի 12-ին էր. այն ժամանակ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի շրջանում։
Հուլիսի 14-ին Ադրբեջանն էսկալացիայի գնաց արդեն Նախիջևանի ուղղությամբ։ Հարձակման ենթարկվեցին Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերը։ Այստեղ փոխհրաձգության ընթացքում հայ զինվոր զոհվեց, ավելի ուշ վիրավորվեց Երասխի գյուղապետը։ Միջադեպերը պարբերական բնույթ են կրում։