Գերիների հարցն առաջնահերթություն է ՀՀ–ի համար. Միրզոյանը զրուցել է վրացի գործընկերոջ հետ

Հեռախոսազրույցի ընթացքում հայ և վրացի արտգործնախարարները քննարկել են նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ԶՈւ–ի իրականացված սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանում դեռևս կան ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, որոնց շուտափույթ հայրենադարձումն առաջնահերթություն է հայկական կողմի համար։ Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ու հրավիրել Մոսկվա
«Արարատ Միրզոյանը հավելել է, որ այս կարևորագույն խնդրի լուծման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային իր գործընկերների հետագա ներգրավվածությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ԶՈւ–ի իրականացրած սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը: Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նման վարքագիծը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության ու կայուն զարգացման համար:
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը հայ ռազմագերիների հայրենադարձման գործում ներդրած միջնորդական ջանքերի համար։
Զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակում փոխայցելությունների անցկացումը։
Հավելենք, որ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ադրբեջանա–վրացական սահմանով Ադրբեջանը 15 հայ գերի է վերադարձրել։ Ավելի ուշ` հունիսի 25-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ հայ գերիներին վերադարձնելու հարցում Թբիլիսին պատրաստ է կրկին միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև: